«Հայտարարությունը, որ մենք այսօր ստորագրել ենք, շատ կարևոր է»․ Նիկոլ Փաշինյան

Սահմանային լարվածություն Քաղաքականություն

«Հայտարարությունը, որ մենք այսօր ստորագրել ենք, շատ կարևոր է»․ Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեջբերել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո․

«Հայտարարությունը, որ մենք այսօր ստորագրել ենք, շատ կարևոր է, և չեմ թաքցնի՝ այդ պայմանավորվածությունների իրագործումը կարող է ուղղակի փոխել մեր տարածաշրջանի տնտեսական իրավիճակը։

Տնտեսական նորամուծությունները կարող են բերել տարածաշրջանային անվտանգության ավելի հուսալի երաշխիքների: Մենք իհարկե պատրաստ ենք այդ ուղղությամբ կառուցողական աշխատանքների, բայց մեկ հանդիպմամբ անհնար է լուծել բոլոր հարցերը:

Ես հույս ունեմ՝ կարող ենք առաջ գնալ, և ընդգծեմ՝ մեզ համար կարևորագույնը շարունակում են մնալ հումանիտար հարցերը՝ ռազմագերիների փոխանակումը, որ ամրագրված է եռակողմ հայտարարության մեջ»:

Նշենք, որ Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը, 11 հունվարի 2021 թ․

Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի․Հ․Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․Վ․ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Վ․Պուտինը հայտարարում ենք հետևյալի մասին․

1. 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով աջակցում ենք Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի առաջարկը:

2. Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը, որի արդյունքների հիման վրա կկազմի Հայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության (այսուհետ՝ Կողմեր) միջև համաձայնեցված այլ ուղղություններ:

3. Գործունեության հիմնական ուղղություններն իրականացնելու նպատակով Աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ​​ենթախմբերի կազմը, որում կներառվեն Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներ և կազմակերպությունների պաշտոնատար անձինք։ Փորձագիտական ​​ենթախմբերը, աշխատանքային խմբի նիստից հետո մեկամսյա ժամկետում կներկայացնեն նախագծերի ցանկ, որում կներկայացնեն անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցառումները` դրանց իրականացման և Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատելու համար:

4. Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքները»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *