Էդգարն ամեն նահանջի հրամանը, ամեն մի տարածքի հանձնելը շատ ծանր է տարել. նահատակված Էդգար Մհերյանի քույր

Սահման

Վերջերս անընդհատ հիշում ենք, որ փոքր ժամանակ, երբ հարցնում էին՝ Էդգար, ի՞նչ ես դառնալու, միշտ ասում էր՝ զինվոր, չգիտեմ՝ հասկանալով էր ասում, թե ուղղակի զինվորի կերպարն էր նրան դուր եկել, բայց երկար ժամանակ հենց դա էր նշում։ Կարելի է ասել՝ կատարեց նրա երազանքը, դարձավ ու մնաց հավերժ զինվոր:

Արցախում Հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում հոկտեմբերի 30-ին նահատակված  18-ամյա Էդգար Մհերյանի մասին Tert.am-ին պատմում է քույրը՝ Նոնա Մհերյանը:

Էդգարը ծնվել ու մեծացել է Երևանում, ամռանը՝ հուլիսի 29-ին զորակոչվել էր բանակ, 2-3 ամսվա ծառայող էր Ջաբրայիլում, երբ պատերազմը սկսվեց: Էդգարը մարտեր է մղել Արցախի տարբեր ուղղություններով՝ Ջաբրայիլ, Ֆիզուլի, Հադրութ, Կարմիր Շուկա, իսկ վերջին կետը եղել է Մարտունու շրջանի Քերթ գյուղը, որտեղ էլ ընկել է թշնամու ԱԹՍ-ի հարվածից:

Քույրը պատմում է՝ Էդգարը կյանքում շատ բարի էր, նվիրվող ու անկեղծ։ «Ե՛վ շատ լուրջ էր, և՛ կատակասեր, չգիտեմ՝ ոնց էր համատեղում այդ երկուսը, բայց միշտ լցնում էր ժպիտներով այն մարդկանց, որոնց շրջապատում էր։ Էդգարն ազնիվ էր ու չէր սիրում սուտը, չէր կարողանում ընդունել այս աշխարհում կատարվող այդքան անարդարություններն ու միշտ փորձում էր պայքարել դրանց դեմ։ Միշտ բոլորին օգնում ու աջակցում էր, ինչով կարող էր, նույնիսկ, եթե ինչ-որ բաներ պետք է զոհաբերեր այդ օգնության համար։ Նաև շատ թեթև էր նայում ամեն ինչին, երբեք ծանր չէր տանում իր կյանքում տեղի ունեցող ինչ-որ բան, ասում էր․ «Ուրեմն Աստված տենց ա կամեցել, ուրեմն տենց պետք ա լիներ»։ Ընկերներն ասում էին՝  Էդգարն իր պրոբլեմները չուներ,  միշտ ուրիշների պրոբլեմներն էր լուծում»։

Պատերազմի ընթացքում Էդգարն ընտանիքի անդամներին չի թողել, որ անհանգստանան, գրեթե ամեն օր զանգել է, որովհետև գիտեր՝ եթե չզանգի, ապա  ընտանիքի անդամներին ինչ ապրումների մեջ կլինեն։ Քույրը պատմում է, որ անհանգստացած էին այն մտքից, որ Էդգարը մի քանի ամսվա ծառայող էր, գուցե վախենար, դժվար լիներ նրա համար, սակայն իրականությունն այլ տեսքն ուներ, և հերոսը երբեք ոչ մի հուսահատական խոսք  չի ասել։

«Միշտ ասում էր` ես լավ եմ, ապահով եմ, դուք ո՞նց եք, ձեզնից պատմեք։ Մենք շատ ժամանակ չէինք էլ տեղեկանում,  որ թեժ մարտերի մեջ է, սկզբում մտածում էինք՝ նորակոչիկ է, առաջնագիծ չեն տանի, բայց հենց առաջին օրվանից էլ առաջնագծում է եղել։ Ինձ միշտ հարցնում էր՝ դասերդ ո՞նց են, ոնց որ սովորական ինչ-որ օր զրուցելիս լինեինք։ Հետաքրքիր էր, որ միշտ հարցնում էր՝ բա ի՞նչ նորություն կա, ի՞նչ են լուրերով ասում։ Միշտ ուրախ էր խոսում,  ինքն էր մարտի դաշտում, բայց մեկ է՝ ինքն էր մեզ հույս  ու ոգի տալիս»,-պատմեց Նոնան։

Էդգարի կիսատ մնացած երազանքների մասին քույրը ներկայացրեց, որ նա շատ էր սիրում մեքենա վարել, մեքենա վարելը նրա տարերքն էր ու անընդհատ պարապում էր, որ հենց բանակից գա, միանգամից քննություն տա ու վարորդական իրավունք ստանա։ Բացի դա, Էդգարը «Իրական դպրոց»-ում էր սովորում ու ՏՏ ոլորտի մասնագիտացում էր ստանում, շատ էր ուզում լավ մասնագետ դառնալ իր ոլորտում. սրանից ոչ մեկն էլ չհասցրեց ավարտուն տեսքի բերել:

«Եղբայրս առհասարակ շատ չէր կիսվում իր երազանքներով,  ավելի շատ սիրում էր գործել, քան խոսել, բայց գիտեմ, որ շատ էր ուզում իր կողքիններին, մայրիկին, հայրիկին արժանի զավակ լինել  ու հաստատ շատ-շատ երազանքներ ուներ, որոնց մասին լռում էր, որ առանց խոստումներ տալու ուղղակի մի օր իրագործեր»:

Հերոսի հետ վերջին կապը եղել է հոկտեմբերի 29-ին, զոհվելուց մեկ օր առաջ: Իրեն սովոր հանգստությամբ էլի ասել էր՝ ես շատ լավ եմ, ձեզնից պատմեք:

«Բայց մայրիկս վերջին խոսակցությունից հետո  շատ էր անհանգստացել, չգիտեմ,  ինչ-որ արտառոց բան չէր ասել Էդգարը, ինչպես միշտ  մեզ ոգևորում էր, բայց մայրիկս ինչ-որ մի բան զգացել էր, այդ օրը Էդոյիս զանգը չհանգստացրեց նրան»:

Պատերազմի ավարտի մասին  խոսելիս՝ Նոնան նշեց, որ  ընդհանրապես չէին սպասում, որ այսքան երկար պայքարից հետո, ավարտն այսպիսին պիտի լիներ:

«Ցավոք, հիասթափությունն ու ցավը Էդոյին կորցնելուց հետո կրկնապատկվեցին այսպիսի ավարտի պատճառով։ Ասում են՝ Էդգարն ամեն  նահանջի հրամանը, ամեն մի տարածքի հանձնելը շատ ծանր էր տանում։

Դրա համար թեև ամեն հարցում  իրեն հատուկ ձևով ասում էր՝ ուրեմն սենց պետք ա լիներ, ուրեմն տենց էր Աստված կամեցել, դժվար՝ այս հարցին այդքան թեթև մոտենար։ Բայց հաստատ չէր հուսահատվի ու կասեր՝ ամեն ինչ դեռ առջևում է»:

Աղբյուր՝ Tert.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *