Սկանդալ Ստեփանակերտում․ արցախցիների պահանջով ապամոնտաժվում է Աննա Հակոբյանի հիմնադրամի տեղադրած տոնածառը

Հետաքրքիր

Ստեփանակերտում այսօր՝ դեկտեմբերի 25-ին, քաղաքացիների շրջանում մեծ աղմուկ են բարձրացրել հյուրանոցներից մեկի բակում ամորյա միջոցառման համար տեղադրված տոնածառը եւ վրանները։ Քաղաքացիների պահանջով դրանք այս պահին ապամոնտաժվում են։

«Առավոտ շուտ եկել եմ, տեսել եմ՝ տոնածառ է տեղադրված, ճշտել ենք՝ ովքեր են կազմակերպում, կանչել ենք, եկել են այդ կազմակերպությունից, որին պատվիրված է եղել տեղադրել այդ ամենը, նաեւ քաղաքապետն է եկել, խնդրել ենք, որ խաղաղ ապամոնտաժվի, այս պահին արդեն տոնածառն ապամոնտաժվել է»,- NEWS.am-ին հայտնեց ստեփանակերտցիներից Մարատ Ղահրամանյանը։

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի Անվան Պետական Դրամատիկական Թատրոնի դերասան, Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը NEWS.am-ին հայտնեց, որ իրեն նախօրեին զանգել են, առաջարկել գումարի դիմաց լուսանկարել միջոցառումը, ինքը հրաժարվել է։ Հենց այդ ժամանակ էլ տեղեկացել է, որ միջոցառումը կազմակերպում է վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրած «Իմ քայլը» հիմնադրամը։

«5 ր առաջ, երբ նոր էին տեղադրում այդ ամենը, ծանոթներիցս ասացին որ Աննա Հակոբյանը համերգային ծրագիր է անում, ես լուրջ չընդունեցի, մտածեցի՝ չեն անի նման բան։ Բայց երեկ գիշերը ինձ զանգեցին Երեւանից, որ երկու օրով համերգ կա, գամ լուսանկարեմ, հարցրի՝ ով է կազմակերպում, ճշտեց ինձ զանգողը, ասաց, որ Աննա Հակոբյանն է անում, հասկացա արդեն, որ լուրջ է։ Բայց հիմա դրա ժամանակը չէ, անհայտ կորածերի ծնողները սգի մեջ են, համերգի ժամանակ չէ, դա ծաղրանք է։ Երեխաները փոքր են, չեն հասկանում։ Հիմա, օրինակ, Ավրորան էլ է նվերներ բաժանում, ոչ թե համերգային ծրագիր։ Ու նաեւ դեմ ենք, որ Աննա Հակոբյանը գա, ես կոնկրետ դեմ կլինեմ, որ ինքը գա Արցախ»,- ասաց Դավիթ Ղահրամանյանը։

Արցախցիները ֆեյսբուք սոցիալական ցանցում այսօր՝ ժամը 13։00-ին միջոցառման նախապատրաստման վայրում՝ «Վալեքս Գարդեն» հյուրանոցում ակցիա են հրավիրել հետեւյալ հայտարարությամբ․ «Դեմ եմ Աննա Հակոբյանի կողմից դեկտեմբերի 26 ից 27-ը կազմակերպվելիք ամանորյա մանկական հանդեսին:

Դավաճանը իրավունք չունի ոտք դնել իմ վիրավոր՝ մի կտոր մնացած Արցախ:

Մեր մանուկներին առանց ձեր կեղտոտ նվերների էլ ամանոր կպարգևենք»։

Դավիթ Ղահրամանյանը հայտնեց, որ պատրաստվում են ոչ միայն միջոցառման չեղարկման պահանջ ներկայացնել, այլեւ «Իմ քայլը» հիմնադրամի կազմակերպած անվճար ճաշարանը փակելու եւ դրա փոխարեն պետական աջակցությամբ նմանօրինակ նախաձեռնություն սկսելու։

«Մի քանի ժամ ժամանակ ենք տալու, որ հավաքեն տոնածառն այնտեղից եւ որ ճաշարանի փոխարեն նման ուրիշ տեղ գործի։ Կոնկրետ ինձ համար դա ստորացուցիչ է, քանի որ ես վստահ եմ, որ դավաճանություն է տեղի ունեցել, ես եղել եմ որպես լուսանկարիչ տարբեր վայրերում պատերազմի ժամանակ եւ շատ բաներ եմ տեսել, եւ իշխանությունն է, որ պատասխանատու է այդ ամենի համար»,- նշեց նա։

«Իմ քայլը» հիմնադրամից մեզ մեկնաբանություն ստանալ առայժմ չհաջողվեց։

Աղբյուր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *