Սերժ Սարգսյանի արձագանքը գաղտնի ձայնագրությանը

Քաղաքականություն

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է նախօրեին երեկոյան տելեգրամ ալիքներից մեկով հրապարակված ձայնագրությունը, որում Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի և Սերժ Սարգսյանի զրույցն է, կապված Արցախի և տարածքների հանձնման թեմայի հետ:

Ինչպես արդեն հայտնի է ձայնագրությունից, Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին հորդորում է հանձնել 7 շրջանները և լուծել հարցը: Սարգսյանի հարցադրմանը ի պատասխան, որ չկա երաշխիք, որ Ադրբեջանը դրանից հետո չի սկսի պատերազմ, Լուկաշենկոն խոսում է ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման մասին:

Հետո նա ասում է, թե Իլհամը 5 միլիարդ դոլար կտա 7 շրջանների դիմաց, ինչին Սերժ Սարգսյանը պատասխանում է, որ ինքը 6 միլիարդ կտա Իլհամին՝ եթե նա հրաժարվի այդ տարածքներից: Սերժ Սարգսյանն ասում է նաև, որ տարածքները հանձնել հնարավոր չէ, որովհետև դրանց համար զոհվել է 5 հազար մարդ:

Երրորդ նախագահի գրասենյակը արձանագրել է, որ զրույցը տեղի է ունեցել Երևանում՝ 2016 թվականի հոկտեմբերի 14-ին, երբ անցկացվեց ՀԱՊԿ Վեհաժողով:

Ընդ որում, գրասենյակը հարց տալով, թե ինչպես է փակ հանդիպման ձայնագրությունը հայտնվել համացանցում, նշել է նաև, թե ընդունում է իբրև փաստ և չունի այլ մեկնաբանություն, քանի որ փակ հանդիպումները ենթակա չեն մեկնաբանության: Տարածված ձայնագրությունն առաջացնում է թե տեխնիկական, թե քաղաքական հարցեր:

Մասնավորապես, լսվում է երրորդ ձայն՝ մեկ-երկու բառ, խաղաղապահների հետ կապված: Ու՞մն է այդ ձայնը: Է՞լ ովքեր են ներկա եղել այդ զրույցին, եթե խոսքը ՀԱՊԿ Վեհաժողովի շրջանակի մասին է, նախագահների նեղ կազմով հանդիպման մասին: Էլ ով է եղել այնտեղ, Պուտինը եղե՞լ է, ինչու՞ է լռում և ինչու է «առաջին ջութակի» դերը Լուկաշենկոյինը:

Հատկանշական է մեկ այլ հանգամանք: Փաստորեն, այդ զրույցը տեղի է ունենում ապրիլյան քառօրյա պատերազմից, և դրան նախորդած Սարգսյան-Ալիև երկու՝ Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի հանդիպումներից, նաև ՊՊԾ գնդի գրավման միջադեպից և Հայաստանում կառավարության փոփոխությունից հետո:

Ընդ որում, հատկանշական է, որ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից հետո սպասվում էր Սարգսյան-Ալիև երրորդ հանդիպումը, որը կազմակերպելու պատրաստակամություն հայտնել էր Ֆրանսիան, քանի որ նախորդները եղել էին համապատասխանաբար ԱՄՆ և ՌԴ հովանու ներքո: Սակայն, Սանկտ-Պետերբուրգին հաջորդեց ՊՊԾ-ն, հետո կառավարության փոփոխությունը, և երրորդ հանդիպումը տեղի ունեցաՎ փաստորեն Լուկաշենկոյի հետ հայտնի զրույցից մեկ տարի անց՝ 2017-ի հոկտեմբերին, Ժնևում:

Ի՞նչ կատարվեց այդ մեկ տարվա ընթացքում, է՞լ քանի անգամ եղան այդպիսի զրույցներ Սերժ Սարգսյանի հետ, ինչու՞ Ժնևում Ալիևի հետ երրորդ և փաստորեն վերջին հանդիպմանը այլևս չխոսվեց հրադադարի պահպանման Վիեննայի մեխանիզմների մասին:

Ինչու՞ Ալիևը 2011-ի վերջում 18-ի սկզբում կայացրեց 2018-ի հոկտեմբերին սպասվող նախագահական հերթական ընտրությունը 6 ամիս առաջ բերելու և 2018-ի ապրիլին անցկացնելու որոշում, զուգորդելով այն փաստորեն Հայաստանում Սերժ Սարգսյանի վարչապետության խնդրի հանգուցալուծման ժամանակի հետ: Ինչի՞ն էր սկսել պատրաստվել Ալիևը՝ վեց ամիս առաջ բերելով նախագահական ընտրությունը: Արդյո՞ք նա դեռևս 2018-ի հոկտեմբերին չէ, որ փորձում էր ազատել իր ձեռքերը ընտրական խնդիրներից՝ պատերազմի համար:

Ի վերջո հիշարժան է, որ 2018-ի սկզբում Մամեդյարովը և Ալիևը հայտարարում էին, որ Հայաստանում իշխանության ձևավորումից հետո ակնկալում են արցախյան հարցի շուրջ առարկայական բանակցությունները:

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը փաստորեն խառնեց Ադրբեջանի հաշվարկները, 2,5 տարի անց սակայն գալով դարձյալ նույն կետին: Ով և էլ ինչ փակ զրույցներ է տնօրինում Արցախի թեմայով: Ընդ որում, հարկ է ուշադրության արժանացնել հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի գրասենյակը զարմանում է կամ տարակուսում ոչ թե զրույցի ձայնագրության առկայության, այլ համացանցում հայտնվելու ճանապարհի առնչությամբ:

Աղբյուր՝ 1in.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *