«Դրսի հայերի վիճակն ավելի վատ է․ 10 տարեկան ադրբեջանցին քամահրանքով է նայում իր հայ մարզիչին»․ Արթուր Համբարձումյան

Այլ

Aravot.am-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր, նախկին անդամ Արթուր Համբարձումյանին հարցրեց՝ իր կարծիքով ստեղծված բարդ իրավիճակում արդյոք ճիշտ քայլ կլինի՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, թե՞ նա պիտի շարունակի պաշտոնավարել ու պատասխանատվություն կրի այս ամենի համար, հատկապես որ ներկայացրել է ճանապարհային քարտեզ։

«Եթե այդ անձնավորությունը փոքր- ինչ մեղսունակ լիներ և հասկանար տեղի ունեցած ողբերգության մասշտաբներն, արդեն հրաժարական էր տվել: Փաշինյանի ապազգային, դավադիր , քմահաճ քաղաքականության պատճառով Հայաստանն ու Արցախը կրել են խայտառակ պարտություն․ հայի, հայաստանցու ազգային ինքնասիրությանը հասցվել է հարված։ էսօր ծնկի եկած վիճակ է, ընդ որում ծնկի եկած է ոչ միայն մեր պետությունը, այլ հայը, և ոչ միայն Հայաստանում, այլ դրսում ապրող:

Ես հատուկ ուզում եմ ընդգծել արտերկրում ապրող հայերի վիճակը, ովքեր ամեն օր ստիպված շփվում են ադրբեջանցիների հետ, տանում են, զգում են վերջիններիս արհամարհական վերաբերմունքը իրենց նկատմամբ:

Քիչ առաջ խոսում էի ընկերոջս հետ, ով ապրում է Սամարայում և ֆուտբոլի մարզիչ է, իր սաներից երկուսն ադրբեջանցիներ են՝ տաս տարեկան երեխաներ, արդեն սկսել են այլ ձևի նայել իրենց մարզիչին։ Էլ չեմ ասում, թե ծնողներն ինչ ձևի են խոսում այս ընթացքում, մինչ այդ ուրիշ վերաբերմունք են ունեցել, հիմա՝ լրիվ այլ։

Ու այս ազգային ողբերգության հեղինակը պատճառը Փաշինյանն է:

Հատուկ ուզում եմ ընդգծել, որ կապիտուլյացիա ստորագրած ոչ մի ղեկավարի դեռ չի հաջողվել շարունակել պաշտոնավարել: Փաշինյանի հրաժարականն այսօր պահանջում են ոչ միայն քաղաքական 17 կուսակցությունները, այլ ՝ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը: Այն պահանջում են ոչ թե կապիտուլյացիան ստորագրելու համար, այլ երկիրը կապիտուլյացիայի հասցնելու համար, երկու տարի ընդհանրապես ու 44 օր մասնավորապես մարդկանց խաբելու համար, Շուշին հանձնելու համար, Ալիևի հետ երկու տարի թաքուն բանակցություններ վարելու, դաշնակցային բոլոր տիպի հարաբերությունները վնասելու համար»,-ասաց Արթուր Համբարձումյանը:

Մեր այն հարցին՝ իսկ ո՞վ կարող է ստանձնել վարչապետի պաշտոնը, ո՞վ կկարողանա փոքր- ինչ կայունացել վիճակը, մեր զրուցակիցը պատասխանեց․

«Իշխանությունը շատերի համար քաղցր բան է, ցանկացողներ շատ կան, շատերի համար իշխանությունը իրավունքներ, լիազորություններ, «պադավատներ», քարտուղար, սիրուհին է, բայց այդպիսի մեկը չպիտի գա իշխանության, ծանր խաչ կրելու պատրաստ անձը պիտի գա։

Մեզ պետք է մեկը, ով ամբողջությամբ կգիտակցի պետության ներկա վիճակը, կկարողանա ու կցանկանա վիրավոր Հայաստանի պետական կառավարման ողջ պատասխանատվությունը վերցնել իր ուսերին, կունենա այնքան ուժ ու վճռականություն, գիտելիքներ ու կամք Հայաստանում տիրող քաոսը վերացնելու, հանրությունը հաշտեցնել համար: Նա, ով ի զորու կլինի իր կառավարչական քայլերի համար պատասխան տալ Հայաստանի նոր ընտրվելիք պառլամենտի առաջ: Ահա այսպիսի վարչապետ պետք է լինի 17-րդ վարչապետը»:

Ըստ Արթուր Համբարձումյանի, Նիկոլ Փաշինյանի ողջ թիմը պիտի հրաժարական տա, որովհետև ոչ պակաս պատասխանատվություն ունի վարչապետին վերահսկող մարմինը՝ խորհրդարանը, որն անգործության է մատնված։

«Խորհրդարանի անգործության պատճառով տեղի է ունեցել տարածքային կորուստներ, այդ մարդիկ չեն կարող վերահսկել, Սահմանադրության մեջ սևը սպիտակի վրա գրված է՝ պառլամենտը վերահսկողություն է իրականացնում վարչապետի գործունեության նկատմամբ և զբաղվում է օրենսդրական գործունեությամբ։ Նրանք չեն իրականացրել վերահսկողություն կառավարության գործունեության նկատմամբ, որը հանգեցրել է լրջագույն աղետի՝ մոտ 5000 զինվոր է մահացել, դրա պատասխանն ո՞վ պիտի տա․․․», -ասում է մեր զրուցակիցը։

Լուսանկարը՝ Արթուր Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից:

Աղբյուր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *