Երբ իրեն ճանապարհում էինք բանակ, փաթաթվեցինք, սկսեց լացել ու ասաց… 19-ամյա տանկիստ Հակոբ Մանթաշյանի մասին պատմում է դպրոցի տնօրենը

Սահմանային լարվածություն

News.am-ը գրում է․ Լուսանկարի տանկիստը Հակոբն է, որը մինչեւ պատերազմը մասնակցում էր «Կովկաս 2020» զորավարժություններին։ Սեպտեմբերի երեսունին վերադարձել եւ միանգամից դեպի առաջնագիծ է գնացել։ Հաղթանակի համար պայքարող տասնիննամյա ժամկետային զինծառայողի անունը հոկտեմբերի տասնիննին Արցախի ՊԲ հրապարակած զո հված զինծառայողների ցուցակում էր։

«Վոլգոգրադում զորավարժություններին մասնակցելիս և դրանից առաջ էլ Հակոբի տրամադրությունը շատ բարձր էր, ասում էր, թե պետք է գնամ, մրցանակային տեղ զբաղեցնեմ, սակայն երբ լսեց, որ պատերազմ է, ցանկանում էր անհապաղ վերադառնալ»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց նրա հորեղբոր դուստրը՝ Նելլի Մանթաշյանը։

Կենսուրախ Հակոբը փորձում էր ամեն ինչ անել, որ տխուր աչքեր չլինեն։ Ուրախ եւ կյանքով լեցուն երիտասարդը նույնիսկ կռ վի լարված օրերին էր բարձր տրամադրությամբ, համենայնդեպս հարազատների հետ զրույցում ձայնի մեջ անհանգստություն չէր նկատվում։ «Պատերազմի օրերին մոր հետ էր շատ խոսում, հավատացնում էր, որ հաղթանակած հետ է գալու։ Իր մա հվան օրը՝ հոկտեմբերի տասնվեցին մոր հետ վերջին անգամ զրուցելուց հետո, մայրն ասաց, որ տրամադրությունը շատ բարձր էր, ասել էին, որ դիրքերից իջնելու են, եւ հնարավոր է, որ մի քանի օրով տուն գա»,- պատմեց Նելլին։

Հակոբը չհասցրեց տուն գալ, հրամանատարին ու ընկերներին օգնելու համար դեպի տանկը վազելիս թշնամու անօդաչու թռչող սարքը հար վածել է տանկին, բոլորն էլ զո հվել են։ 19-ամյա Հակոբը, ով դպրոցում մաթեմատիկա առարկան էր շատ սիրում, ընդունվել էր Տնտեսագիտական համալսարան, իսկ օրեր հետո՝ 2019թ․-ի հուլիսի տասնյոթին զորակոչվել բանակ։ Դպրոցում գերազանց սովորող տղան մեծ նպատակներ ուներ, դրանք իրագործելը նախատեսել էր ծառայությունից հետո։

Տանկիստ Հակոբ Մանթաշյանը ծառայության ընթացքում արժանացել էր տասը մեդալի, ու երկու շնորհակալագրի, իսկ «Կովկաս 2020» զորավարժություններից էլ պատվոգրով էր վերադարձել։ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի 1-ին միջնակարգ դպրոցի տնօրեն և Հայոց լեզվի ուսուցչուհի Հասմիկ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ Հակոբն իր տարիքի համեմատ ավելի հասուն եւ խելացի էր։ Կես բառից միմյանց հասկացող տնօրենն ու աշակերտը մեկմեկու վերաբերում էին որպես ավագ և կրտսեր ընկերների։

«Մեր միջև կապը մի ուրիշ էր, մի հայացքից էլ կարող էինք իրար հասկանալ։ Ես երբևե չեմ համարել, որ Հակոբը աշակերտս է, ինքն իմ կրտսեր ընկերն է։ Իրականում իր մասին անցյալ ժամանակով խոսելը շատ բարդ է»,- արցունքն աչքերին ասաց դպրոցի տնօրենը։ Աշխատասեր Հակոբը տնօրենի խոսքով՝ ամեն ինչ անում էր, որ իր շրջապատից հետ չմնա։

«Իրենց տան մոտ հացի փուռ կար, ասում էր՝ հենց գամ, բացելու եմ, կապ չունի, թե որտեղ կսովորեմ, էստեղ գործ եմ դնելու, քանի որ ինքն արդեն հասկանում էր՝ ինչ բան է աշխատելը, իր վրա հոգս կրելը։ Ծնողներն առողջական խնդիրներ ունեին, իր համար սովորելը ֆինանսապես ծանր էր, ուզում էր անվճար ընդունվել, ասում էի՝ ոչինչ, եթե նույնիսկ վճարովի ընդունվես, ասում էր՝ պատկերացնո՞ւմ եք, վարձը ո՞նց ենք տալու, չնայած ինքը կոտ րվող տեսակի մարդ չէր, բոլոր խնդիրների լուծումն ուներ։ Ամեն դեպքում ինքը անվճար ընդունվել չկարողացավ»,- հիշում է դպրոցի տնօրենը։

Ավագ ընկերոջ հետ Հակոբը հաճախ էր կիսվում, անգամ, եթե ծնողներից նեղացած էր լինում, դպրոցի տնօրենի հետ զրույցը նրա հոգին խաղաղեցնում էր։ «Մինչեւ բանակ գնալը, երբ Հակոբի հետ խոսում էի, ասում էի՝ գիտես չէ՞ ուժեղ մարդիկ են լացում, դե ես լացկան եմ, ու երբ իրեն ճանապարհում էինք, փաթաթվեցինք՝ սկսեց լացել, ասաց՝ Դուք եք չէ՞ ասել, որ ուժեղ մարդիկ են լացում, ինքը շատ ուժեղ էր։ Ծառայության ժամանակ իր մասնագիտությունը տանկիստ լինելն էր համարում, ասում էր՝ սրանից լավը չկա, հենց գամ, տանկ եմ բերելու հետս»,- ժպիտով հիշեց Հասմիկ Բաղդասարյանը։

Դպրոցի տնօրենի հիշողություններում Հակոբն ամենամաքուր սիրտ ունեցող, պատասխանատու, խելացի ու ամենակարող աշակերտը, իր հավատարիմ ընկերը կմնա։ «Փոքրից մինչև մեծ, եթե խնդիր էին ունենում, ասում էին՝ Հակոբին դիմեք։ Որպես դպրոցի տնօրեն, եթե ես ինչ-որ խնդիր էի ունենում, միանգամից զանգում էի իրեն, ասում էր՝ կլուծվի։ Եթե ինչ-որ խնդրում Հակոբի անունը շոշափվում էր, ուրեմն դրա լուծումը լիարժեք էր լինում։

Անգամ եթե ուսուցիչներն ինչ-որ բան էին ցանկանում անել, բայց ինձ չէին դիմում, Հակոբին էին ասում՝ հլը դու գնա, ասա, որովհետև գիտեին՝ ես Հակոբի հանդեպ թուլություն ունեմ, եթե ինձ ինչ-որ բան էր ասում, ես չէի կարողանում չէ ասել»,- նկատում է նա։ Հակոբի զ ոհվելու մասին գույժը հարազատները լսել են հոկտեմբերի 16-ին, բայց նրա մարմինը հողին են հանձնել տասն օր հետո։

Աղբյուր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *