«Ինձ այսպիսին դեռ չեն տեսել»․ Անահիտ Կիրակոսյանը՝ Ելենա Արշակյանի հետ առաջին աշխատանքի, նոր թիմի և ապրումների մասին

Շոու բիզնես

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, ով երկար տարիներ հեռուստադիտողներին ներկայանում էր նաև որպես հաղորդավարուհի, այս շրջանում ամբողջությամբ վերադարձել է իր առաջին մասնագիտությանը։ Հեռուստադիտողները նրան այլևս չեն տեսնի «Առավոտը Շանթում» նախագծում, սակայն չեն հասցնի կարոտել, քանի որ Անահիտն ադրբեջանագետ Սառայի կերպարով կներկայանա «Արմենիա TV»–ի նոր՝ «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստանովելում։

Նոր աշխատանքի առաջին մանրամասները Անահիտը վստահել է Tert.am Life-ին ու պատմել, որ կերպարը շատ հետաքրքիր է․ հեռուստադիտողներն իրեն նորովի բացահայտելու հնարավորություն կունենան։

«Երկար ժամանակ է՝ որպես հաղորդավարուհի էի հանդես գալիս ու կարոտել էի դերասանական գործունեությանը։ Հիմա ամբողջ ուժերով անցել եմ գործի։ Կերպարս ունի շատ հետաքրքիր բարդ հոգեբանական դրվագներ ու, իսկապես, տարբերվում է իմ նախորդ խաղացած դերերից։ Թատրոնում դրամատիկ դերեր խաղալու փորձ ունեցել եմ, բայց էկրանին ինձ այսպիսին դեռ չեն տեսել․ հեռուստադիտողը կտեսնի այլ Անահիտի։ Սառան ազնիվ մարդ է, ով, ունենալով սեփական ողբերգությունը, փորձում է օգնել հերոսին։ Շատ եմ հավանել ինձ տրված դերը։ Շատ պատասխանատու է այդպիսի կերպար խաղալը»,– ասաց դերասանուհին։

Անահիտը նկատեց, որ ֆիլմն արդիական է ու բոլորին է հուզում։ «Այս օրերին այն, ինչ կատարվեց մեզ հետ, փոխեց բոլորիս կյանքը և աշխարհայացքը։ Այս ֆիլմն, ըստ իս, հավատի, հույսի ու հրաշքներին հավատալու մասին է։ Կարծում եմ՝ սա մեզ հիմա շատ է պետք։ Տեսարաններ ու տեքստեր կան, որոնց ժամանակ կերպարս պետք է հուզվի։ Մեկ–մեկ հասկանում եմ, որ ես էլ կերպարիս հետ եմ հուզվում։ Կարծես իրականում ապրեմ այն, ինչ կատարվում է։ Այս ամենը շատ բնական է ու մեր մասին»,– ասաց նա ու շեշտեց, որ իրենց հոգին են ներդրել այս գործի մեջ և հույս հայտնեց, որ հեռուստադիտողը կնկատի դա։

Դերասանուհին շնորհակալություն հայտնեց ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Արշակյանին իրեն նման հնարավորություն ընձեռելու համար։ Թեև Անահիտն առաջին անգամ է աշխատում Ելենայի հետ, պարզվում է՝ վաղեմի ծանոթներ են․ «Ելենա Արշակյանի հետ տարիներ առաջ ենք ծանոթացել, երբ ես 17 տարեկան էի ու թատրոնում իմ առաջին քայլերն էի անում։ Միշտ եղել է համագործակցելու ցանկություն, բայց չի ստացվել աշխատել։ Հիմա շատ ուրախ, ոգևորված ու շնորհակալ եմ այս համագործակցության համար»։

Անահիտի խոսքով՝ հեշտությամբ է ադապտացել նոր թիմին։ «Նորեկի» անհարմար զգացողություն չի ունեցել։ «Բոլորը պրոֆեսիոնալ են։ Աշխատանքային պրոցեսից հաճույք եմ ստանում․ ամեն ինչ արվում է պրոֆեսիոնալ մանրակրկիտ և նվիրվածությամբ գործին։ Ինձ էլ շատ ջերմ ընդունեցին, միանգամից ընտանիքի անդամ զգացի ինձ»։

Դերասանուհին երեկ է վերադարձել ամուսնու, ավագ որդու՝ Հայկի և ընկերուհու ընտանիքի հետ ճամփորդությունից։ Նրանք իրենց հանգիստը վայելել են Եգիպտոսում։ Այսօր արդեն  Անահիտը նկարահանման հրապարակում է, նա նկատեց, որ հասցրել է ուժերը վերականգնել և ոգևորությամբ անցել է աշխատանքի։

«Քանի որ մեր ամուսնության 9–ամյակն էր, որոշեցինք կտրվել իրականությունից։ Անցնող տարին բարդ տարի էր, ժամանակ չէր եղել մտորելու, առանձնանալու, բնության հետ լինելու, Հայկիս հետ շփվելու… Բոլորիս մտքերը միայն մի ուղղությամբ էին։ Մեկնելուց հետո լիարժեք հասկացա, թե ինչքան ունեի այդ հանգստի կարիքը։ Լիցքեր, նոր էներգիա ստացա աշխատելու ու ապրել շարունակելու համար»,– եզրափակեց դերասանուհին։

Աղբյուր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *