«Իմ անձնական կյանքը քննարկել ու հանրայնացնել չեմ սիրում». Հասմիկ Խոջյանը՝ ընտրյալ ունենալու լուրերի և հայտնի դառնալուց հետո չփոխվելու մասին

Շոու բիզնես

Դերասանուհի Հասմիկ Խոջյանն այս շրջանում չի նկարահանվում: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է նկարահանումների ընթացքը կարոտելու, դադարի ընթացքում մասնագիտական բացը լրացնելու, բախտի գործոնի շնորհիվ հայտնի դառնալու մասին: Դերասանուհու հետ խոսել ենք նաև ընտրյալ ունենալու քննարկումների մասին:

Հասմիկի խոսքով՝ մի քանի տարի նկարահանվելուց հետո որոշակի դադարի մեջ էր, բայց կարծում է՝ այն շուտով կավարտվի, կսկսվի աշխատանքային գործընթացը:

«Առհասարակ, դադարները պետք են թե՛ դերասանին, թե՛ հեռուստադիտողին. սպառվում է դերասանի էներգիան, իսկ հեռուստադիտողը պետք է ոչ թե ձանձրանա նրանից, այլ հանգստանա տվյալ դերասանի դեմքից: Ի վերջո, Հայաստանում դերասաններն այնքան էլ շատ չեն, այդ էներգիան վերանայել է պետք, դադարի ընթացքում ես դա անում: Թեև դադարի մեջ էի, փորձում էի մասնագիտական բացս լրացրել վերընթերցելով մասնագիտական գրականություն, կարդալով նոր գրքեր, որոնք չեմ հասցրել կարդալ ուսանողական տարիներին: Նաև վերապատրաստումների եմ մասնակցել, որոնց մասին բարձրաձայնել չեմ սիրում, որովհետև աճի ձգտող յուրաքանչյուր դերասան պետք է մասնակցի դրանց, եթե չի ցանկանում բավարարվել միայն այն գիտելիքով, որը համալսարանն է տվել»,- ասաց նա:

Դերասանուհին նկատեց, որ նկարահանվելու ամեն առաջարկ չի ընդունում. «Հաշվի եմ առնում սցենարը, նկարահանող անձնակազմը, պետք է այդ պահին զգամ, որ այդ դերն իմն է: Եթե հիմա նման առաջարկ լինի, մեծ սիրով կընդունեմ, որովհետև նկարահանումների ընթացքը շատ եմ կարոտել»:

Հասմիկին ճանաչում բերեց «Էլենի օրագիրը» հեռուստասերիալը: «Այդ հեռուստասերիալում սկսեցի նկարահանվել մագիստրատուրայի երկրորդ կուրսից: Կարծում եմ՝ բախտի գործոնի շնորհիվ էր, որ այն այդքան հաջողություն ունեցավ: Աշխարհում այնքան լավ նախագծեր կան, որոնք նկարահանվում են ռեժիսորական ու պրոդյուսերական հրաշալի անձնակազմի կողմից, որտեղ ներդրվում են գումարներ, խաղում ճանաչված դերասաններ, բայց հաջողություն չեն ունենում:

Իմ բախտը բերեց, որովհետև շատ կարևոր է՝ ի՞նչ նախագծով ես առաջին անգամ ներկայանում հեռուստադիտողին: Բակալավրի տարիներին ևս նկարահանվելու շատ առաջարկներ էի ստանում, բայց չէի ընդունում, որովհետև մեր ինստիտուտի ռեկտորն այդ շրջանում Արմեն Մազմանյանն էր, ով ասում էր՝ պետք է պաշար ունենաք, հետո նկարահանվեք, որպեսզի կարողանաք ինչ-որ բան տալ ռեժիսորին, հեռուստադիտողին: Երկրորդ կուրսում էի սովորում, երբ նա մահացավ, բայց այդ մտածողությամբ մինչև վերջ էլ չնկարահանվեցի»,- նշեց դերասանուհին:

Հասմիկը շեշտեց, որ ճանաչում ունենալուց հետո իր մեջ փոփոխություններ չի նկատել: «Իմ տեսակը հայտնի դառնալուց հետո չի փոխվել: Նույնն  եմ, ուղղակի պատասխանատվության զգացումն է ավելացել, որովհետև, օրինակ, սոցցանցերում ինձ հետևում են շատ դեռահասներ, ովքեր կարող են տեսնել ինչ-որ բան ու վերցնել, այսինքն՝ պետք է լավագույնը տալ: Եթե առաջ ես միայն ինձ համար էի ապրում, հիմա ինձ հետևում են մի խումբ մարդիկ, նրանց առջև ես պարտավորություններ ունեմ՝ ցույց տալ միայն լավը»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով սոցցանցային ակտիվությանը՝ նկատեցինք, որ Սուրբ Սարգսի տոնին Հասմիկը լուսանկար էր հրապարակել, որտեղ երևում էր զույգի ձեռքեր, դերասանուհին շնորհավորել հետևորդներին՝ գրելով, որ ամուր բռնեն սիրելիի ձեռքը: Սա քննարկումների տեղիք էր տվել, որ նա ընտրյալ ունի: Խոսելով այս մասին՝ դերասանուհին ասաց. «Իմ անձնական կյանքը քննարկել ու հանրայնացնել չեմ սիրում, այն, ինչ իմն է, մնում է կադրից դուրս: Պարտադիր չէ, որ այդ լուսանկարն իմը լինի, այդտեղ ընդամենը ձեռքեր են երևում: Եթե նույնիսկ իմ ձեռքերն են ու դեմք չի երևում, նշանակում է՝ չեմ ուզում անձնականս հանրայնացել, այդ թեման փակ է»:

Աղբյուր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *