«Բոլորն ասում էին՝ ինչո՞ւ եք վերադառնում, բայց սա է մեր տունը». Աննա Թովմասյանը՝ Արամեի ու երեխաների հետ հայրենիք վերադառնալու և Արամեի՝ հիվանդանոցում պառկելու պատճառի մասին

Շոու բիզնես

Մոտ 6 ամիս Մոսկվայում բնակվելուց հետո երգիչ Արամեն և կինը՝ երգչուհի Աննա Թովմասյանը, վերադարձել են Հայաստան: Tert.am Life-ի հետ զրույցում Աննան խոսել է նախատեսվածից ավելի ուշ վերադառնալու պատճառների, Մոսկվայի կյանքին չհարմարվելու, Արամեի հիվանդանոցում հայտնվելու և իրենց  նոր զուգերգի մասին:

«Ի սկզբանե գնացել էինք անձնական գործերով, նախատեսում էինք մինչև Ամանոր վերադառնալ Հայաստան, բայց գործերը հետաձգվեցին, ես ու Արամեն վարակվեցինք կորոնավիրուսով: Ես շատ թեթև տարա վիրուսը, բայց Արամեն ծանր էր տանում, նույնիսկ երեք օր պառկեց հիվանդանոցում, բայց ամեն ինչ բարեհաջող ավարտվեց»,- ասաց Աննան:

Աննան նկատեց, որ երբ ծանոթներին իմանում էին իրենց՝ Հայաստան վերադառնալու մասին, հարցնում էին՝ ինչո՞ւ են գալիս:

«Շատ ցավալի էր, երբ Մոսկվայից խոսում էի Հայաստանում ապրողների հետ, և բոլորն ասում էին՝ ինչո՞ւ եք վերադառնում, մենք ուզում ենք արտագաղթել: Ավելի ցավալի էր, որ այդպես էին մտածում մեր քաղաքին օգուտ բերող մարդիկ, բայց եթե բոլորը գնան, ի՞նչ պետք է լինի մեր երկրի վիճակը: Հիմա, երբ դրսում տեսնում եմ ծանոթներիս, իհարկե, ուրախանում են, որ վերադարձել ենք, բայց հարցնում են՝ ինչո՞ւ, ի՞նչ պետք է անեք այստեղ: Իմ պատասխանն է՝ ինչպե՞ս ինչու, սա իմ երկիրն է, այստեղ ես տանն եմ: Մենք եկել ենք աշխատելու, արարելու, օգտակար լինելու մեր երկրին»,- ընդգծեց նա:

Ամռանը, երբ Արամեն ու Աննան պատրաստվում էին գնալ Ռուսաստան, քննարկումներ կային, թե նրանք ընդմիշտ են մեկնում: Այն ժամանակ Աննան Tert.am Life-ի հետ զրույցում հերքել էր լուրն ու ասել, որ ժամանակավոր են մեկնում, սակայն շատերը չէին հավատացել:

«Երբ մարդիկ տեսնում են՝ որևէ մեկը երկրից գնում է, սկսում են խոսել, որ արտագաղթում է, բայց այդպես չէր: Աստված չանի՝ գա մի օր, որ մենք ստիպված արտագաղթենք: Այս պահին արտագաղթելու մասին չենք մտածում և չենք էլ ուզում մտածել, եկել ենք, որ մեր երկրում ապրենք: Թե հետագայում ինչ կլինի, չեմ կարող ասել: Ես չէի կարող մտածել, որ 6 ամիս Մոսկվայում կմնամ, այդ պատճառով հստակ ծրագրեր կազմել չենք կարող»,- ասաց նա:

Աննան նաև շեշտեց, որ 6 ամիս Ռուսաստանում ապրելուց հետո այդպես էլ չի հարմարվել տեղի կյանքին: «Չհարմարվեցի՝ չնայած ինձ համար շրջապատ, նոր հետաքրքրություններ հեշտ եմ գտնում. իմ բնավորությունն այդ առումով շատ հեշտ է, հարմարվող եմ, ուղղակի Հայաստանը, Երևանը շատ եմ սիրում, մեր մտքերը մեր երկրում էին, թեև Մոսկվայում մենակ չէինք, մտերիմներ, հարազատներ ունենք այնտեղ, նույնիսկ մեր շենքում բնակվող ընկերներ ունեինք: Միայնակ չէինք, բայց անտեր ու անտուն էինք՝ չնայած տուն ունեինք,- ասաց նա և հավելեց, որ դուստրը՝ 3-ամյա Աննա-Մարիան, ևս չի հարմարվել,- Մեկնելու առաջին օրվանից ասում էր՝ ուզում եմ Հայաստանի տունիկը: Արամեն ասում էր՝ դա էլ է մեր տունը, հակադրում էր՝ ոչ, մերը չէ, գնանք ինքնաթիռ նստենք ու Հայաստան վերադառնանք: Մեր վերադառնալու որոշումն էլ նա վերջնական հաստատեց: Արամեն հարցրեց՝ ուզո՞ւմ ես Հայաստանի տունիկ գնանք, ասաց՝ այո: Զարմացած ենք՝ ինչպե՞ս կարող է 3 տարեկան երեխան այդքան կարոտել ու սիրել Հայաստանի իր տունիկը»:

Երգչուհին նաև նկատեց, որ երկու օր է՝ առավոտից երեկո զբոսնում է Երևանում. «Ընկերներիս, քաղաքը շատ եմ կարոտել: Երևանը շատ է փոխվել, առաջվանը չէ, ավելի տխուր, անխնամ է դարձել, մարդիկ այլ հոգեվիճակ ունեն»:

Ավելի վաղ Tert.am Life-ի հետ զրույցում Արամեի պրոդյուսեր Սյոմա Կոդաբաշյանը հայտնել էր, որ երգիչն ու կինը նոր զուգերգ ունեն. խոսելով այդ մասին՝ Աննան ասաց. «Բարդ էր Հայաստանում կատարվող իրադարձություններին հեռվից հետևելը: Ես ու Արամեն պատերազմի թեմայով նոր երգ ձայնագրեցինք, այն վերջնական տեսքի բերելու համար մի քանի փոփոխություններ են մնացել: Վերջնական պատրաստելու համար մոտ մեկ ամիս էլ պետք է մնայինք Մոսկվայում, բայց այդ աշխատանքներն այնտեղ կիսատ թողեցինք, այստեղ կավարտենք»:

Աղբյուր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *