Որդու քառասունքը նշեց ու գնաց. Դմիտրին 33 տարեկան էր (լուսանկարներ)

Սահմանային լարվածություն

Araratnews.am-ի զրուցակիցն է արցախյան երկրորդ պատերազմում զոհված կապիտան Դմիտրի Իսպիրյանի մայրը` տիկին Գոհարը:

Կապիտան Դմիտրի Իսպիրյանի ընտանեկան ալբոմն ենք թերթում: «Այս լուսանկարում կապիտանի որդիներն են` Սերգեյն ու Դավիթը»,- արցունքախառն ասում է տիկին Գոհարը:

Այնքան հուզված է, որ դժվարանում է պատմել: Նույնիսկ մեր զրույցից առաջ գրառումներ էր կատարել, որպեսզի ոչ մի դետալ բաց չթողնի: Ձեռքի թուղթն ավելի է լարում նրան: Առաջարկում եմ մի կողմ դնել նշումներն ու հանգիստ զրուցել` ինչպես մայրն իր որդու հետ:

«Դմիտրիս 33 տարեկան էր` հետախույզ: Երկու տղա ուներ: Ավագ որդին՝ Սերգեյն արդեն 6 տարեկան է: Դավիթս յոթ ամսական է։ Երեխու քառասունքը նշեց ու գնաց:

2004 թվականին զորակոչվել է որպես ժամկետային զինծառայող: Սկզբում դժվարանում էր, բայց համակերպվեց, ընտելացավ ու շատ սիրեց բանակն ու զինվորական կյանքը: Չորս ամսվա ծառայող էր` կրտսեր սերժանտի կոչում ստացավ:

Քանի որ Դմիտրիս արդեն ավարտել էր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, բանակն ավարտելուց հետո առաջարկեցին մնալ, շարունակել ծառայությունը Հայկական բանակում: Համաձայնեց: Կարճ ժամանակ անց համալրեց սպայական կազմի շարքերը, վերապատրաստվեց Հունաստանում, ծառայությունը շարունակեց Վարդենիսում, ապա 2015-ից արդեն` Քարվաճառում»:

Կապիտանի մայրն արդեն հանգիստ է, լարվածություն գրեթե չկա: Շարունակում ենք թերթել ալբոմը:

«Երբ իմացա, որ որդի պետք է ունենամ` աշխահի ամենաերջանիկն էի: Դմիտրին իր պապիկի 11-րդ տղա թոռն էր: Հենց պապի պատվին էլ Դմիտրի անվանակոչեցիք: Շատ ժիր երեխա էր: Սիրում էր ավագ Դմիտրիի հետ ձկնորսության գնալ: Սպորտի սիրահար էր, կարատե էր պարապում, մրցույթների էր մասնակցում, մրցանակներ էր ստանում: Մեկնեց Իտալիա և այնտեղից էլ վերադարձավ հաղթանակով»:

Տիկին Գոհարն այսօրվա պես հիշում է որդու ուրախությունը, երբ ծնվեց նրա երկրորդ զավակը` Դավիթը:

«Երկու ամիս արձակուրդում էր: Ամեն ինչ կարգին էր: Որդի էր ունեցել։ Հետո զանգեցին, կանչեցին: Ասեց` երկրի վիճակը շատ խառն է, պետք է գնամ: Այդ ժամանակ նոր էր նշանակվել վաշտի հրամանատար: Արդեն կապիտան էր, հետախույզ: Հրամանատարը նրան ասել էր` շտապ զորամաս եկեք: Երբ ճանապարհում էինք` շատ անհանգիստ էր: Ասեցի` կլինի՞ չգնաս: Ասաց`չի լինի, խաչաձև հարցեր մի տուր: Գնալուց առաջ հարցրեցինք` կարճ կտևի՞ պատերազմը, ասեց` չէ, երկար կտևի` երկու ամսվա չափ»:

Կապիտան Դմիտրի Իսպիրյանը զոհվել է հենց պատերազմի հաջորդ օրը` սեպտեմբերի 28-ին` ԱԹՍ-ի հարվածից: Երազում էր, որ ավագ որդին՝ Սերոժիկը, սպորտով զբաղվեր, իր նման հաջողությունների հասներ: «Ասում էր` 34-ս լրանա, կնոջս` Տաթևիս հետ ԶԱԳՍ կգնամ: Ամուսնացել էր, բայց դեռ չէր զագսավորվել: Տղես մի նպատակ էլ ուներ: Սեփական մեծ տուն էր ուզում ունենար: Ասում էր` սա փոքր է, մեծն է պետք»,- վերհիշում է Տիկին Գոհարը ու ցույց տալիս հաջորդ նկարը:

«Ընկերական մեծ շրջապատ ուներ: Ծնողասեր տղա էր: Միշտ ժպիտը դեմքին: Նեղանալ չգիտեր: Զինվորական համազգեստը երբ հագնում էր, ես ինչքան հպարտ էի ինձ զգում: Ինձ շատ լավ էի զգում: Հպարտանում էի իր համազգեստով, որ տղաս մեր հայրենիքն է պաշտպանում»:

…Կապիտանի նպատակներն անավարտ չեն մնա: Սերգեյն ու Դավիթը կշարունակեն իրենց հոր գործը` թև ու թիկունք կլինեն ընտանիքին ու հպարտությամբ կապրեն, քանզի հերոս հայր ունեն:

Հայկ Մագոյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *