«Ֆիլմում պրոֆեսիոնալիզմը շատ էր». Ժաննա Վելիցյանը՝ դադարի պատճառի և գումար վաստակելու համար այլ մասնագիտությամբ աշխատելու մասին

Շոու բիզնես

Դերասանուհի Ժաննա Վելիցյանն այս շրջանում մասնագիտական զբաղվածություն չունի: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է դադարի պատճառների, գումար վաստակելու համար այլ մասնագիտությամբ աշխատելու մասին:

Ժաննայի խոսքով՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնն արդեն վերսկսել է իր աշխատանքները: «Առաջիկայում նոր ներկայացում ունենք, որին շատ եմ սպասում: Խաղացանկում եղած ներկայացումներում ես զբաղվածություն չունեմ, այդ պատճառով նորություններին եմ սպասում:

Հեռուստատեսային որևէ նախագծում այս պահին զբաղվածություն չունեմ և, անկեղծ ասած, չեմ ուզում ունենալ: Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմում նկարահանվելուց հետո հասկացա, որ չեմ ցանկանում հեռուստասերիալներում հանդես գալ: Իհարկե, բացառել չեմ կարող, եթե լինեն իսկապես լավ առաջարկներ և դերն ինձ դուր գա, ցանկանամ խաղալ, կնկարահանվեմ, բայց նման առաջարկ դեռ չի եղել»,- ասաց Ժաննան:

Ըստ դերասանուհու՝ նման որոշում է կայացրել, քանի որ ֆիլմերի և սերիալների նկարահանման գործընթացներն էականորեն տարբերվում են:

«Ֆիլմում պրոֆեսիոնալիզմը շատ էր, ինչը գալիս էր և՛ ֆիլմից, և՛ ռեժիսորից, և՛ տրամադրվածությունից, որովհետև այն ինձ համար դեբյուտ էր: Հեռուստասերիալներում ժամանակի խնդիր ունենք, իսկ ֆիլմում նման խնդիր չկա: Եթե ցանկանանք, կարող ենք նույն տեսարանը ևս մեկ անգամ փորձել մեկ շաբաթ անց:

Այդ առումով ֆիլմի նկարահանումների ժամանակ ինձ ավելի հարմարավետ էի զգում: Առանձին ժամանակ էինք հատկացնում տեքստին, բացահայտում էինք կերպարը, իսկ սերիալներում չէինք հասցնում այդ ամենն անել: Սերիալում պետք է ամեն ինչ արագ անես, ինչից հաճույք չես ստանում, կերպարը բացահայտելու ժամանակ չկա, իսկ սցենարը գրվում է ընթացքում: Ֆիլմում քեզ որպես դերասան լրիվ այլ կերպ ես բացահայտում»,- նշեց նա:

Դերասանուհու մասնակցությամբ հեռուստատեսային վերջին նախագիծը եղել է Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմը. ըստ Ժաննայի՝ իր մասնագիտության հետ կապված ամեն ինչ կարոտել է:

«Ինձ մոտ ինչ-որ կոտրված բան կա, որը չեմ կարողանում վերականգնել: Անգամ ֆոտոշարքեր չեմ անում, որովհետև զգում եմ՝ կոտրվածը դեռ չի սկսել վերակագնվել: Չեմ կարծում՝ կա մի հայ, ում վրա ստեղծված իրավիճակն ազդեցություն չի ունեցել: Հիմա աշխատում եմ, բայց ոչ իմ մասնագիտությամբ, շատ քիչ եմ ազատ ժամանակ ունենում: Հուսով եմ՝ առաջիկայում այդ զբաղվածությունը կունենամ իմ մասնագիտության մեջ ու գումար վաստակելու համար կարիք չի լինի այլ աշխատանքով զբաղվել» ,- ընդգծեց նա:

Դերասանուհին նաև ընդգծեց, որ փորձից ելնելով հասկացել է՝ ի վերջո կգտնի իր տեղը: «Անցնելով այս ամենի միջով՝ հասկացել եմ՝ եթե հոգով և սրտով կպած ես քո մասնագիտությանը, ապրում ես դրանով, իսկապես քեզ դերասան ես զգում, կգտնես քո տեղը: Պետք է պազապես շատ սիրել մասնագիտությունդ ու համբերություն ունենալ:

Այդ դեպքում թեկուզ Հայաստանում՝ այս վատ պայմաններում, կգտնես քո տեղը: Ասում են՝ տաշած քարը գետնին չի մնա. եթե դու այդ տաշած քարն ես, քո տեղում չես մնա: Ես դեպրեսիայի մեջ շատ չեմ ընկնում, նոր առաջարկների սպասումն ու ձգտումն օգնում է ինձ» ,- եզրափակեց նա:

Աղբյուր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *