Փետրվարի 20-ին ամեն ինչ կպարզվի. բացառիկ մանրամասներ

Քաղաքականություն

17-ի ձեւաչափի կուսակցությունները հայտարարել են, որ փետրվարի 20-ին համաժողովրդական հանրահավաք են հրավիրում։

Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 20-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի հերթական նստաշրջանը, որում որոշում էր կայացվել միջնորդությամբ դիմել Հայաստանի ԽՍՀ ու Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն խորհուրդներին ԼՂԻՄ-ն Ադրբեջանի ԽՍՀ կազմից Հայաստանի ԽՍՀ կազմ փոխանցելու վերաբերյալ։ Դա համարվում է ղարաբաղյան շարժման մեկնարկը, որի պսակը պետք է դառնար Հայաստանի հետ վերամիավորումը։

Դաշնակցություն կուսակցությունը պատկառելի ներդրում է ունեցել շարժման եւ առաջին պատերազմի հաղթանակում։ Հիմա Դաշնակցությունը 17 կուսակցությունների թվում է, որոնք մոռացել են Արցախի մասին նույնկերպ, ինչ գործող իշխանությունը։ Ներքաղաքական օրակարգն արհեստականորեն լցվում է իշխանափոխության մասին հարցերով, որը նենգափոխում է Հայաստանի համար արդիական, էքզիստենցիալ հարցերը։

Դաշնակցությունից եւ լուրջ կուսակցություններից հանրությունն ակնկալում է ոչ թե դատարկ կոչեր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին, այլ լուրջ հարցերի առաջադրում։ Այդպես կարելի է լուծել Փաշինյանի հրաժարականի հարցը, բայց նրա հրաժարականը պահանջող ուժերը կարծես դա չեն ուզում։ Նրանք պարզապես փորձում են խուսափել որոշումների պատասխանատվությունից, որոնք, հնարավոր է, կայացնելու է Փաշինյանը։ Թե՞ նրանց քշում են նույն ռուսական մահակով, ինչ Փաշինյանի կուսակցությանը։

Քաղաքական կուսակցություններն ու անձերն ակտիվություն են ցույց տալիս սոցցանցերում ու լրատվամիջոցներում՝ մրցելով միմյանց հասցեին վիրավորանքներով ու հայհոյանքներով։ Ամբողջ ներքաղաքական պոլեմիկան հանգում է նախկին գործընկերներ Փաշինյանի ու Զոհրաբյանի միջեւ խորհրդանշական երկխոսության։ Զոհրաբյանն իշխանությանը մեղադրում է ապոկալիպտիկ միգրացիայի մեջ, Փաշինյանն ասում է, որ Զոհրաբյանի ժամանակ մարդիկ ավելի շատ էին հեռանում, Զոհրաբյանը հակադարձում է՝ մենք գոնե հող չենք հանձնել, իսկ Ալեն Սիմոնյանն ասում է, որ եթե ժամանակին կուլակաթափ անեին, բանակը կամրացնեին ու չէին հանձնի հողերը։

Դժվար է ավելի խղճուկ պատկեր մտածել։ Այս բալագանին ավելի քան մեկդարյա կուսակցությունը մասնակցում է դեմքի լուրջ արտահայտությամբ։

Փետրվարի 20-ի հանրահավաքին կբարձրացվի՞ Արցախի կարգավիճակի, Հայաստանի հետ վերամիավորման, Արցախի ու Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու Հայաստանի իրավունքի, նոր ռուս-թուրքական պայմանավորվածությամբ Սյունիքի օտարումը թույլ չտալու հարցերը։ Հայկական կուսակցություններն ընդունա՞կ են բարձրացնելու այս հարցերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *