«Երազանքներն իրագործելու համար երբեք ուշ չէ». Յանա Դանիելյանը համալսարան ընդունվելու և նոր մասնագիտության մասին

Շոու բիզնես

Հաղորդավարուհի Յանա Դանիելյանի կյանքում նոր փոփոխություն կա․ Յանան որոշել է նոր մասնագիտություն ձեռք բերել: Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ պատերազմի սկսվելուց հետո սոցցանցերում որևէ հրապարակում չի արել, որովհետև սոցիալական ցանցերն ազդում են իր հոգեբանության վրա:

«Ուղիղ 15 օր Ֆեյսբուք ընդհանրապես չմտա, այդ ընթացքում հասցրի համալսարան ընդունվել: Հիմա Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժության ֆակուլտետի բակալավրի 1-ին կուրսի ուսանողուհի եմ, շուտով դասերս կսկսվեն: Դա իմ մանկության երազանքն էր, իսկ երազանքներն իրագործել երբեք ուշ չէ: Այն ժամանակ ծնողներս ինձ չլսեցին և ընդունվեցի Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը, բայց ոչ մի օր չաշխատեցի այդ մասնագիտությամբ: Նոր մասնագիտությանս հետ կապված մեծ ծրագրեր ունեմ, բայց դրանց մասին խոսել դեռ չեմ ուզում: Շատ մարդկանց գիտեմ, ովքեր չեն աշխատում իրենց սիրելի մասնագիտությամբ, բայց փորձելու համար երբեք ուշ չէ»,- ասաց նա:

Յանայի խոսքով՝ այս շրջանում նաև զբաղված է «Ի՞նչ եփել այսօր» հաղորդաշարի աշխատանքներով, քանի որ շուտով այն եթերում կլինի նոր ձևաչափով: «Արդեն 6 տարի է՝ նախագծում եմ, մեր գլխավոր խնդիրը հեռուստադիտողի հետ սերտ կապը ստեղծելն է: Մեզ դիտողները չպետք է պատ զգան հաղորդման ու իրենց միջև, պետք է տպավորություն լինի, որ հարազատներ ենք: Այս տարիների ընթացքում հաջողվել է դա ստեղծել, հիմա, երբ ինձ դրսում տեսնում են, մտածում են՝ իրենց տան անդամն եմ: Այդ գիծը շարունակվելու է, պահելու ենք ինտերակտիվությունը, մենք պետք է հնարավորինս մոտ լինենք իրար: Հաշվի առնելով, որ գրեթե ամեն օր երկու անգամ եթերում ենք՝ նորություններ են պետք, որ հեռուստադիտողին չձանձրացնենք»,- նշեց նա:

Յանան նկատեց, որ հաղորդման ընթացքում եղած բաղադրատոմսերն ինտերնետից կամ այլ երկրի խոհանոցից չեն վերցնում, դրանք գրվում են հատուկ հաղորդման համար՝ հաշվի առնելով մարդկանց օրվա ծախսը:

«Ունենք սահմանված գումարի չափ, որը չենք գերազանցում, որպեսզի մարդիկ կարողանան գնել բաղադրիչները: Աշխատում եմ բարդ ուտեստներ չպատրաստել, բայց ոչ այն բանի համար, որ չեմ կարող, այլ ուզում եմ՝ հեռուստադիտողի համար հեշտ լինի: Տարիների փորձով բաղադրիչներն արդեն լավ ճանաչում եմ ու պատրաստելու հետ կապված խնդիր չի լինում: Նախքան հաղորդումն ուտեստը տանը չեմ պատրաստում, բայց հաղորդումից հետո շատ ուտեստներ պատրաստում եմ նաև տանը: Փոքրուց սիրել եմ պատրաստել ու երբեք չեմ համարել, որ դա իմ աշխատանքն է, բայց պետք է խոստովանեմ՝ հատկապես խմորային ուտեստների հարցում տարիների ընթացքում եմ հմտացել» ,- ընդգծեց նա:

Ըստ հաղորդավարուհու՝ իրենց հեռուստադիտողները միայն կանայք չեն, ունեն նաև տղամարդ հեռուստադիտողներ:

«Ինձ երբեմն ասում են, որ շատ եմ խոսում, բայց պետք է այնպես մատուցեմ, որ լսողի համար գաղտնիքներ չլինեն, կարողանան հեշտ կրկնել բաղադրատոմսը: Երբ համացանցում պատրաստման տեսանյութեր եմ դիտում, տեսնում եմ, որ շատ գաղտնիքներ թաքցնում են․ պատրաստելիս չի ստացվում կամ այլ բան է ստացվում: Ես մանրամասն բացատրում ու բացահայտում եմ բոլոր գաղտնիքները, որպեսզի ստացվի այն համը, որը տաղավարում եմ ստանում»,- ասաց նա։

Յանան պատմեց, որ տանը ևս ամեն օր խոհանոցում է լինում․ «Ամուսնուս՝ Սուրենին, խոհանոցում գոհացնելը շատ հեշտ է: Սուրենը պարզ, հայկական, ավանդական ուտեստներ է սիրում: Հազվադեպ եմ յուրահատուկ ուտեստներ պատրաստում, որովհետև դրանք ամուսնուս համար հագեցնող չեն: Նույնն էլ դստերս՝ Ադելի դեպքում է՝ չնայած քիչ է ուտում, նրա դեպքում ավելի բարդ է»:

Աղբյուր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *