«Գնացի, որովհետև ուզում էի զինվորի կողքին լինել». Արսեն Սաֆարյանը՝ պատերազմ գնալու, ընտանիքի արձագանքի և հրետակոծության տակ հայտնվելու մասին

Հետաքրքիր Շոու բիզնես

Արսեն Սաֆարյանը եղբոր՝ Արթուր Սաֆարյանի հետ, պատերազմի առաջին օրերից ռազմաճակատ էր մեկնել: Բանակի օրվա առթիվ Tert.am Life–ը զրուցել է Արսենի հետ, ով պատմել է պատերազմ գնալու, զինվորների հետ հավասար լինելու, իր ապրումների մասին:

Արսենի խոսքով՝ այսօր՝ հայտնի ավարտից հետո, այդքան էլ տրամադրություն չունի, բայց մաղթանքներ ունի: «Ես մեր բանակը համարում եմ այն ամենակարևոր կետը, որը պետք է սիրենք ու փայփայենք, պետք է հարգենք մեր սպային, հոգատար լինենք մեր զինվորի նկատմամբ:

Ինձ համար բանակը չի տեղավորվում որևէ ժամանակի մեջ, բանակը միշտ կա և պետության համար պետք է բոլոր ժամանակներում ուշադրության կենտրոնում լինի: Պետք է ուժեղանանք, հզորանանք, որովհետև ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր: Պետք է թևութիկունք կանգնած մեր բանակի կողքին լինենք, ոգևորենք»,- ասաց նա:

Արսենը պատերազմի առաջին օրերից ռազմաճակատում է եղել: Ըստ երգչի՝ ընտանիքի կողմից իր՝ պատերազմ գնալու որոշումը միանշանակ ընդունվել է: «Ինչպես բոլորի մոտ, վախեր եղել են, բնական է, կռվի դաշտում, ամեն դեպքում, մեղր չեն տալիս: Ինքս Արցախից եմ և պարտավոր էի մեկնող առաջիններից լինել, բայց դա չի նշանակում, որ եթե խնդիրը լիներ Նոյեմբերյանում, ես պետք է նստեի իմ տեղում: Չեմ սիրում «ցի»-երի տարանջատումը, ես ինձ «բոլորտեղացի» եմ համարում և բոլոր շրջաններն էլ իմն եմ համարել, ինձ օտար չեմ զգացել: Նաև ինձ զանգահարեց հատուկ նշանակության զորմասի հրամանատարը, որտեղ անցել էի զինվորական ծառայությունս: Հարցրեց՝ մեզ հե՞տ ես, պատասխանեցի՝ իհարկե: Խնդիրն այն չէր, որ պետք է գնայի ու մասնակցեի հատուկ գործողությունների, գնացի, որովհետև ուզում էի զինվորի կողքին լինել, օգնել ինչով կարող էի՝ երգելով, փայտ դատարկելով, կարտոֆիլ մաքրելով»,- նշեց նա:

Արսենը նկատեց, որ ռազմի դաշտում զինվորներին ոգևորել ստացվում էր: «Ոգևորում էի այնքանով, որ զինվորները տեսնում էին՝ իրենց հետ հավասար պետք է փորեմ, դիրք բարձրանամ, ռմբակոծության տակ լինեմ: Իրենք զգում էին, որ տարբերություն չի դրվում, ես փորձում էի ապացուցել, որ իրենցից մեկն եմ:

Որքան իրենք են պարտավոր անել ամեն ինչ, նույնքան էլ ես՝ հաղթահարելով շատ վախեր պետք է ամեն ինչ անեի: Իհարկե անսովոր էր հրետակոծության տակ հայտնվելը, այն ծառայությունը չէր, որը որևէ մեկն անցել էր զորամասում՝ չնայած ինձ իմ զորմասաի պատրաստվածությունը շատ օգնեց: Եթե այդ ծառայությունը անցած չլինեի, ինձ համար շատ դժվար կլիներ, այդ պատճառով հիմա մտածում եմ՝ պարտադիր զինվորական ծառայության նշանակությունը պետք է մեծացվի»,- պատմեց նա:

Հարցին, թե ի՞նչ է զգացել, երբ հայտնվել է հրետակոծության տակ, վտանգ զգացել, Արսենը պատասխանեց. «Այդ պահին սկսում ես միանգամից հիշել ընտանիքիդ, սկսում ես պատկերացնել, երբ քեզ հետ մի բան լինի, ի՞նչ կլինի ընտանիքիդ հետ: Ես մտածում էի՝ երեխաներս մեծ են, ինքս ինձ հանգստացնում էի: Չէի ուզում շատ կենտրոնանալ այդ մտքերի վրա, մարտի դաշտում պետք է մտածես, որ քեզ ոչինչ չի լինի, որպեսզի կարողանաս ապրել, որքան հնարավոր է չվախենաս, որովհետև չկա որևէ մեկը, որ ընդհանրապես չվախենա:

Վախերը հաղթահարել օգնում է մարդու մտածելակերպը, մտածում ես՝ որտե՞ղ ես ու ինչի՞ համար, իսկ պայքարդ արդար է: Այդ դեպքում կարող ես քո ուժերից վեր բաներ անել ու հետո զարմանալ: Հուսահատություններ ևս լինում են, բայց այդ ամենը հաղթահարվում է նաև, երբ կողքիդ կանգնած են լինում ճիշտ հրամանատարներ, որի արդյունքում մեր ջոկատը ոչ մի զոհ չի տվել, միայն վիրավորներ են եղել»:

Երգիչը նաև ընդգծեց, որ հայրենիքի հանդեպ սերը պետք է ապրելու ցանկությունից սկսվի: «Հայրենիքը բառերով չեն սիրում, այլ աշխատելով, յուրաքանչյուրն իր գործում լավը լինելով: Ամանորի գիշերը որդեկորույս հոր՝ երգիչ Դավիթ Ամալյանի նախաձեռնությամբ հիշատակի երեկո էր կազմակերպվել Եռաբլուրում, թեմատիկ երգերով հարգեցինք, մեր տղերքի հետ դիմավորեցինք տարին, երգով աղոթեցինք նրանց համար:

Հիմա, հիշելով իրենց, պետք է ապրենք, որովհետև ապրել, արարել, ստեղծել պետք է, այլ կերպ չի կարող լինել: Իսկ երբ մենք միանում ենք, մեզ մոտ շատ բաներ ստացվում են»,- եզրափակեց Արսենը:

Աղբյուր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *